Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ու՞ր է գնում Բատկան: Ստամբուլ

Ու՞ր է գնում Բատկան: Ստամբուլ
15.04.2016 | 10:30

Ազատ դեմոկրատ Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ՝ հրաշալի իմանալով, որ ռուսահպատակ ՀՀԿ-ն թույլ չի տա հարցը օրակարգ մտցնել, ուր մնաց քննարկել, ու նրան կմիանան նույնքան ռուսահպատակ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Խաչատուր Քոքոբելյանը ընդամենը ձևակերպել է այս օրերին օդում սավառնող հասարակական տրամադրությունները, որի հիմքում ռազմավարական դաշնակցի քաղաքականությունն է անցած քառօրյա պատերազմում ու հետագա օրերին: Այսինքն՝ հիմա: Իսկ ի՞նչ էր առաջ: Այս հարցը արդիական չէ: Բայց հասկանանք՝ իրականում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին այնպե՞ս էր, ինչպես Հայաստանն էր համարում: Ոչ: Պատերազմ էր պետք, որ իրականությունն ավելի շոշափելի դառնա: Ընդամենը քառօրյա: Իսկ եթե ավելի տևե՞ր: Եթե Ադրբեջանը նախաձեռներ ոչ թե քաղաքական պատերազմ՝ աշխարհին վերհիշեցնելու, որ կա Ղարաբաղի խնդիրը ու Ղարաբաղի կոնֆլիկտը սառեցված չէ, աշխարհին, որ սկսել էր Ղարաբաղի տեղը մոռանալ՝ տարված Իրաքով, Սիրիայով, ԻՊ-ով: Պատերազմ Ադրբեջանը չէր ծրագրել՝ այսօր դա ակնհայտ է, ակնհայտ է նաև, որ իր ծրագրած քաղաքական պատերազմում Ադրբեջանը հաջողություն ունեցավ՝ Ղարաբաղի անունը հայտնվեց միջազգային կառույցների ու գերտերությունների ուշադրության կենտրոնում: Եվ ձախողվեց հիմնականում՝ ռազմական ծրագրված հաջողությունը չունեցավ: Բանակցությունների իր համար ձեռնտու մեկնակետերի չհասավ: Ավելին՝ հակառակ արձագանքը ստացավ՝ Ղարաբաղը չդատարկվեց, Ղարաբաղից հայերը չփախան, ամբողջ աշխարհից սկսեցին վերադառնալ, խրամատներ վերադարձան պատերազմում հաղթած երկրապահները: Միջազգային հանրության գնահատականը տարբեր էր՝ աշխարհը որքան տարածքային ամբողջականությունն է հարգում, նույնքան՝ ազգերի ինքնորոշումը: Համարյա բոլորը կողմ են ուժի չգործադրման սկզբունքին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատանքի նոր բովանդակություն ստացան՝ վերսկսել բանակցությունները՝ նոր պայմաններում: Իսկ մինչ այդ Ադրբեջանը կշարունակի խախտել Մոսկվայում բանավոր պայմանավորված հրադադարը, որ հարցը պահի օրակարգում: Փորձագետների գնահատականով՝ Ադրբեջանը պատերազմ սկսելով՝ լուծում էր նաև ներքին խնդիրներ՝ սոցիալական վիճակից շեղում էր բնակչության ուշադրությունը: Գուցե այդ խնդիրը իր հայտարարած հաղթանակով մասամբ լուծեց: Իսկ Հայաստանում ի հայտ բերեց հարցերի ամբողջ շարան, որի մի ծայրից քաշես՝ բուրգը փլուզվելու է: Քաղաքականության վերագնահատության անհրաժեշտությունը այլևս անխուսափելի է: Հարցերի հարցը անվտանգությունն է, համարժե՞ք է բանակին հատկացված ծախսերի և բանակի զինման մակարդակը: Համարժե՞ք էին բանակի հրամանատարության ձեռնարկած քայլերը շփման գծում ստեղծված իրավիճակին: Հետախուզական տվյալներ ունեցող հրամանատարները ու խրամատում անտեղյակ զինվորները՝ քաղաքակա՞ն, թե՞ ռազմական սխալ հաշվարկի հետևանք էին: Տասնյակ հարցեր կան, որ նույնիսկ բարձրաձայնման ենթակա չեն: Ու՝ ի՞նչ: Կկատարվի՞ անհրաժեշտ վերլուծություն՝ փաստերի հիման վրա, ոչ թե թղթին հանձնված տարատեսակ հաշվետվությունների, որոնց իրական արժեքը խիստ կասկածելի է: Եռաբլուրի հաշվին պետություն պահելը արկածախնդրություն է: Իսկ պատկերացնու՞մ եք, որ այս քառօրյա պատերազմը լիներ ոչ թե հիմա, այլ՝ երկու տարի անց, երբ Հայաստանում ամբողջությամբ կգործեր նոր Սահմանադրությունը և կլիներ խորհրդարանական կառավարում: Այս քաղաքական ուժերի, այսօրինակ խորհրդարանի պարագայում ի՞նչ հետևանքներ կունենար Ադրբեջանի ընդամենը քաղաքական պատերազմը, ոչ ռազմականը: Ես չեմ պատկերացնում: Հիմա էլ ապավինենք մտայնությանը, որ Ադրբեջանը չի հանդգնի հարձակողական ռազմական գործողությունների, որովհետև վտանգի տակ կդնի գազամուղներն ու նավթամուղները, այսքան տարիներ կառուցած լոգիստիկա՞ն: Ձեռնտու բացատրություն է: Հայաստանի քաղաքական գործիչները հաճույքով մեջբերում էին «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասույթը, ամբողջ պատրաստությունը այդքանով, թերևս, ավարտվում էր: Որովհետև պատերազմի պատրաստվելը նախևառաջ նշանակում է տնտեսություն ունենալ: Ինքներդ դատեք՝ որքանո՞վ ենք մենք պատերազմի պատրաստ: Խելահեղ քաջության պոռթկումների՝ որքան ասես, առանձին ճակատամարտերում հաղթելու՝ միանշանակ, իսկ երկարատև, դաժան, փոփոխական հաջողություններով պատերազմի՞: Զինվորը՝ այո, երկիրը՝ ոչ: Դեռ երկար պիտի մաքրենք քաղաքականության ավգյան ախոռները՝ օղակ-օղակ ազատվելով սխալ որոշումներից, անկախությունը կաշկանդող համաձայնագրերից, պաշտոնին չհամապատասխանող պաշտոնյաներից: Հնարավո՞ր է: Տեսականորեն՝ այո, գործնականում՝ հազիվ թե: ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական բուրգը չի քանդի: Արտաքին քաղաքականություն չի փոխի: Խաչատուր Քոքոբելյանի պես մտածողները որակյալ մեծամասնություն կդառնա՞ն, իրավիճակ կփոխվի: Չե՞ն դառնա, պատրաստվեք ցանկացած առավոտ պատերազմի մեջ արթնանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կապ ուներ Լուկաշենկոն: Ուղղակի: ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ Բելառուսի նախագահը ոչ միայն իր երկրի պայմանագրային պարտավորությունների վրա խորապես թքած ունի, այլև այս օրերին Ստամբուլում մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովին: Ի՞նչ կապ ունի քրիստոնեական Բելառուսը իսլամական կառույցի հետ: Պարզվում է՝ ունի, միակ քրիստոնյա երկիրն է, որ հրավիրվել է՝ ելնելով Բատկայի ու Էրդողանի ջերմ հարաբերություններից: ԵՏՄ-ի ուղիղ կեսը այս օրերին Ստամբուլում է՝ Նազարբաևը Էրդողանի հետ ձեռք-ձեռքի տված է շրջում, Լուկաշենկոն համագործակցություն է զարգացնում և երկուսն էլ բոլորովին հաշվի չեն առնում, թե ինչ հարաբերություններ ունեն ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի իրենց գործընկեր Ռուսաստանն ու Թուրքիան: Ի՞նչ կասի Պուտինը: Իր գործն է: Իսկ ի՞նչ կասի Հայաստանը: Դեպի ու՞ր է գնում ԵՏՄ-ն և դեպի ու՞ր է գնում Ռուսաստանը՝ փաստորեն շատ տարբեր հարցեր են: Իսկ ու՞ր է գնում ու ի՞նչ է անում Հայաստանը:

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ